Գյուղի Պատմությունը

Վերին Գետաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։

Գյուղը նախկինում Ադիաման անվանման տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի՝ հիմնականում Ալաշկերտ գավառի Խաստուր (Հացատուր, Խացատուր) գյուղից, Մուշից և այլ բնակավայրերից գաղթած հայ ընտանիքներով։ 1878 թվին գյուղում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի բակում թաղված է ֆիդայի՝ Վահան հազարապետի աճյունը։ Գյուղից 15 կմ հարավ-արևմուտք կան՝ ՙՍպիտակ բանալի՚ (Մ.թ.ա. 1-ին հզմ), ՙՏաթև՚ (Մ.թ.ա. 2-րդ հզմ) ամրոցներ, քարայր-կացարաններ (Մ.թ.ա. 1-ին հզմ)։ Գյուղում կան 9-14 դդ խաչքարեր, 15-16 դդ ՙՁորի մատուռ՚ կոչվող մատուռը։ Այժմ գյուղն ունի երկու միջն. դպրոց, մեկ մսուր մանկապարտեզ, մշակույթի տուն և բուժամբուլատորիա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ :

Գյուղն ընկած է Սևանա լճից հարավ-արևմուտք։ Գյուղի միջով հոսում է Արգիճի գետը, որի երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։ Տարեկան միջին ծախսը 5,18 մ³/վ է, հոսքը՝ 163 միլիոն մ³։  Այն հանդիսանում է գյուղի ցանքատարածքների ոռոգման հիմնական աղբյուրը։ Գյուղից արևմուտք ընկած հատվածում Արմաղան լեռն է՝ բարձրությունը 2829 մ, որի խառնարանում կա 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ փոքր լիճ։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։  Արմաղանը համարվում է գյուղացիների սուրբ լեռը, որը տեղացիներն անվանում են Մաղմաղան։ Հաճախ անվանում են Դիմավոր Մաղմաղան, որը լեռան սրբացրած անվանումն է, այդպես են դիմում, երբ իրենց աղոթքն են հղում առ Աստված։